Անցնել հիմնական բովանդակությանը

Հայաստանի կրթության ոլորտում երկամյա ազգային ծառայության առաջատար ծրագիր

«Դասավանդի՛ր, Հայաստան»
Մեր մարդիկ
Մեր Ծրագիրը
2050 խոստում
Նորություններ
Գործընկերներ
Հաշվետվություններ
ՆվիրաբերելԴիմել հիմա
Հիմնադիր և խորհուրդՄեր թիմըՈւսուցիչ-առաջնորդներՇրջանավարտ-դեսպաններԴպրոցական գործընկերներ
Ընդհանուր պատկերՈւսուցում և նախապատրաստությունTech4ArmeniaՓոփոխությունների վրա հիմնված ուսուցումԱկադեմիական և մասնագիտական հավաստագրերՄեր աշխատանքը Արցախում
Ազդեցություն
Նորություններ
Գործատու գործընկերներՄեր աջակիցները
Հաշվետվություններ
ՆվիրաբերելԴիմել հիմա
Կապ

Լեզու

Հետևեք մեզ

«Դասավանդի՛ր, Հայաստան»

Հայաստանի կրթության ոլորտում երկամյա ազգային ծառայության առաջատար ծրագիր։

Արագ հղումներ

  • Մեր թիմը
  • Մեր Ծրագիրը
  • 2050 Խոստումը
  • Արցախ
  • Ազդեցություն
  • Նորություններ

Միացեք

  • Դիմել ազգային ծառայությանը
  • Գործատու գործընկերներ
  • Նվիրաբերել
  • Կապ մեզ հետ

Կապ պահեք

Բաժանորդագրվեք՝ ստանալու մեր աշխատանքի և ազդեցության մասին թարմացումներ։

© 2026 «Դասավանդի՛ր, Հայաստան»։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Հաշվետվություններ և ֆինանսներ•Գաղտնիության քաղաքականություն•Նյութերի օգտագործման կանոններ
Հետ դե­պի նո­րութ­յուն­նե­րը
Teach For Armenia

Տվյալների դերը կրթության մեջ (Մաս 1)

Հոդվածը ներկայացնում է տվյալների վրա հիմնված որոշումների կարևորությունը հանրակրթության արդյունավետ կազմակերպման և բարելավման համատեքստում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մոտեցումների...

Հրա­պա­րակ­վել է 11 օգոստոսի, 2024 թ.
3 րո­պե ըն­թեր­ցա­նութ­յուն
Loading...
Loading...
Loading...

Կի­սեք այս հոդ­վա­ծով

Կի­սեք:

Եղե՛ք տե­ղե­կաց­ված

Ստա­ցեք վեր­ջին նո­րութ­յուն­նե­րը և թար­մա­ցում­նե­րը Ձեր էլ. Փոս­տում

Հա­րա­կից հոդ­ված­ներ

📰
Teach For Armenia
11 դեկտեմբերի, 2024 թ.
3 րո­պե ըն­թեր­ցա­նութ­յուն

Աջակցությունից մինչև առաջնորդություն

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի Ուսուցիչների առաջնորդության ծրագրի (ՈՒԱԾ) շրջանակներում ընտրվում են համալսարանական շրջանավարտներ և մասնագետներ, որոնք հնարավորություն են ստանում դասավանդել...

Հետ դե­պի նո­րութ­յուն­նե­րը

Ներածություն

Հոդվածը ներկայացնում է տվյալների վրա հիմնված որոշումների կարևորությունը հանրակրթության արդյունավետ կազմակերպման և բարելավման համատեքստում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մոտեցումների, ձեռքբերումների և առկա մարտահրավերների տրամաբանությամբ։ Նպատակն է կիսվել փորձառությամբ, թե ինչպես կարող է փաստահեն մոտեցումը դառնալ հանրակրթության արդյունավետության բարձրացման ու երեխայի համապարփակ զարգացման կարևոր նախադրյալ՝ նպաստելով համակարգային բարեփոխմանը։

Տվյալները ժամանակակից կրթական համակարգում կարևոր դեր ունեն՝ դառնալով ռազմավարական որոշումների կայացման անփոխարինելի հիմք։ Հայաստանյան կրթական իրականության մեջ տվյալահեն որոշումների կայացումը առանձնահատուկ կարևորություն է ստացել, քանի որ նպաստում է առկա մարտահրավերների փաստարկված, խորքային և երկարաժամկետ լուծումներին։

Իսկ ի՞նչ է տվյալը կրթության մեջ։ Տվյալը պարզապես վիճակագրական թիվ չէ. այն կրթական արդյունքներին նպաստող կամ խոչընդոտող գործոնները հասկանալու միջոց է և ուղենշում է բարելավումներ իրականացնելու ճանապարհները (Schildkamp & Poortman, 2020; Mandinach & Schildkamp, 2021)։

Տվյալահեն որոշումների ընդունումը նշանակում է, որ կրթության կառավարման, դասավանդման և ուսումնառության գործընթացներում հիմք են ընդունվում ոչ թե ենթադրությունները և սուբյեկտիվ համոզմունքները, այլ համակարգված, հավաքագրված և վերլուծված տեղեկությունը (Datnow & Park, 2018; Mandinach & Schildkamp, 2021)։

Կրթության ոլորտում կիրառվող տվյալները բազմաբնույթ են՝ սկսած դպրոցի ընդհանուր արդյունավետությունից, աշակերտների ակադեմիական և սոցիալ-հուզական զարգացումից, ուսուցիչների վերապատրաստումներից ու արդյունավետությունից մինչև դասավանդման մեթոդաբանության և ուսումնառության միջավայրի վերաբերյալ ցուցանիշներ։ Այս ամբողջական տվյալաշարքը հնարավորություն է տալիս ոչ միայն գնահատել արձանագրված արդյունքները, այլև բացահայտել այդ արդյունքների վրա ազդող գործոնները, կայացնել առավել թիրախային կրթական որոշումներ (Schildkamp & Poortman, 2020)։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի փորձառությունը ցույց է տալիս, որ տվյալահեն որոշումները նպաստում են ավելի արդյունավետ և ճկուն կրթական միջավայրերի ձևավորմանը։ Կազմակերպությունը տարիներ շարունակ ներդրել է համակարգված գնահատման և վերլուծության գործիքներ, որտեղ կարևորվել են ոչ թե դրվագային, այլ համալիր տվյալները՝ որպես որոշումների կայացման կարևոր բաղադրիչ կրթական արդյունքների շարունակական բարելավման ճանապարհին։

Տվյալների վրա հիմնված ուսումնառության փորձառությունը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ում

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ ՀՀ բոլոր մարզերում գործունեության տասնամյա փորձը ցույց է տալիս, որ կրթական ծրագրերի գնահատումը և տվյալահեն որոշումների կայացումը կարևոր նախապայմաններ են արդյունավետ միջամտությունների և համակարգային բարելավումների համար։ Տվյալահեն որոշումների կայացումը աշխատանքային մշակույթի առանցքային բաղադրիչներից է։ Տարիների ընթացքում կազմակերպությունը շարունակաբար կատարելագործել է ուսումնառության արդյունավետության գնահատման գործիքներն ու մեթոդաբանությունները՝ ձևավորելով տվյալների արդյունավետ կիրառման համակարգ, որն ուղղված է ոչ միայն սովորողների, այլև դպրոցական համայնքի և ամբողջ կրթական համակարգի զարգացմանը։

Ուսումնական գործընթացների գնահատումը դիտարկվում է տարբեր տեսանկյուններից, ինչը հնարավորություն է տալիս ձևավորել հիմնավորված, բազմակողմանի և ամբողջական պատկեր։ Սա թույլ է տալիս ոչ միայն արձանագրել արդյունքները, այլև հասկանալ դրանց հետևում կանգնած գործընթացներն ու գործոնները՝ ապահովելով ավելի խորքային և համալիր վերլուծություն։ Ստորև գծապատկերում ներկայացված են կազմակերպության կողմից իրականացվող տվյալահեն ուսումնառության շրջափուլերը։

Առանձնացված է գնահատման առանցքային երկու ուղղություն՝ _սովորողի ամբողջական զարգացման գնահատումը_ և _ուսուցիչների արդյունավետության գնահատումը_։

Սովորողի ամբողջական զարգացման գնահատման (Holistic Student Development Evaluation) շրջանակում առանձնանում են ակադեմիական առաջադիմությունն ու առաջնորդական և սոցիալ-հուզական կարողունակությունների զարգացումը։ Իսկ ինչպե՞ս է կազմակերպվում ակադեմիական առաջադիմության գնահատումը։ Ակադեմիական առաջադիմությունը համակարգված և համապարփակ գնահատելու նպատակով կազմակերպությունը ներդրել է ստանդարտացված առարկայական թեստեր, որոնք համապատասխանեցված են պետական կրթական չափորոշիչներին։ Այս թեստերը հնարավորություն են տալիս գնահատել ոչ միայն առարկայական գիտելիքը, այլև այդ գիտելիքի կիրառման կարողությունը և քննադատական մտածողության զարգացումը։

Գնահատման, վերլուծության, ապա գործողությունների ձեռնարկման օրինակ է քննադատական մտածողության խթանմանն ուղղված գործողությունները։ Վերջին չորս տարիներին «Դասավանդի’ր, Հայաստան»-ում իրականացված ակադեմիական գնահատումները, ինչպես նաև Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Կրթության և տեղեկատվության դպրոցի (SEIS) Գնահատման, ստանդարտների և աշակերտների թեստավորման հետազոտությունների ազգային կենտրոնի (CRESST) հետ համատեղ իրականացված 18 ամիս տևողությամբ համապարփակ հետազոտությունը վկայում են, որ աշակերտների շրջանում քննադատական մտածողության և ավելի բարձր կարգի ճանաչողական հմտությունների զարգացումը շարունակում է մնալ բարելավման կարիք ունեցող ոլորտ (Teach For Armenia, 2024)։ Հիմք ընդունելով այս տվյալները՝ կազմակերպությունը մշակում է գործողությունների պլան, որը միտված է Ուսուցիչների առաջնորդության ծրագրում քննադատական մտածողության խթանմանը։

Սովորողի զարգացումը չի սահմանափակվում միայն ակադեմիական բաղադրիչով։ Կազմակերպությունն առանձնակի ուշադրություն է դարձնում նաև առաջնորդական և սոցիալ-հուզական կարողունակությունների զարգացմանը։ Հիմք ընդունելով կազմակերպության կողմից մշակված և հաստատված «Առաջնորդական կարողունակությունների» հայեցակարգը՝ մշակվել են տարբեր տարիքային խմբերին համապատասխան գնահատման գործիքներ, որոնք ուսումնասիրում են, թե ինչպես է սովորողը ճանաչում և կարգավորում սեփական հույզերը, վերլուծում իր ու շրջապատի ուժեղ կողմերը, հաղորդակցվում ուրիշների հետ կառուցողաբար և ընդհանրացնում ու վերլուծում սովորածը։

Տվյալների շնորհիվ ուսուցիչները կարողանում են վերլուծել աշակերտների առաջընթացը, գնահատել արդյունքները և բացահայտել ուսումնառության բացերն ու կարիքները՝ օգտագործելով տվյալներն անհատական և ընդհանուր ուսումնական պլաններ կազմելիս։ Սա հնարավորություն է տալիս հարմարեցնել ուսուցումը յուրաքանչյուր աշակերտի առանձնահատկությանը՝ նպաստելով հավասար և ներգրավող ուսումնառության միջավայրի ստեղծմանը։

Ուսուցիչների արդյունավետության գնահատման գործընթացը տվյալների վրա հիմնված ուսումնառության հաջորդ ուղղություններից է։ Ի՞նչ է նշանակում «ուսուցիչների արդյունավետության գնահատում»։ Այս հարցի շուրջ կազմակերպությունում տեղի են ունեցել բազմափուլ ներթիմային քննարկումներ, որոնց արդյունքում 2024–2025 ուսումնական տարում մշակվել և փորձարկվում է ուսուցիչների արդյունավետության գնահատման նոր մեխանիզմը։

Գնահատման շրջանակում դիտարկվում են մի շարք առանցքային տարրեր՝ ուսուցիչների ակադեմիական պատրաստվածությունն ու դասավանդման հմտությունները, դասարանում ստեղծված մշակույթը, առաջնորդական կարողությունները, ինչպես նաև՝ աշակերտների ակադեմիական առաջընթացը։ Տվյալների բազմակողմանի վերլուծությունը հնարավորություն է տալիս վերանայել և նպատակային կերպով բարելավել ուսուցիչներին տրամադրվող մասնագիտական աջակցությունն ու նրանց շարունակական զարգացման հնարավորությունները՝ նպաստելով սովորողների առաջընթացին։

Գնահատման գործընթացին զուգահեռ շարունակաբար բարելավվում են տվյալների հավաքագրման և վերլուծության մեխանիզմները, ինչն էլ իր հերթին ապահովում է տվյալների համադրելիությունն ու կիրառելիությունը տարբեր համատեքստերում։

Այնուամենայնիվ, նույնիսկ ամենաարժեքավոր տվյալները կարող են կորցնել իրենց նշանակությունը, եթե նպատակային չեն օգտագործվում։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի սկզբունքային մոտեցումներից է խրախուսել խորքային անդրադարձը հավաքագրված տվյալներին և հետագա գործողությունների իրականացումը։ Տվյալների նպատակային օգտագործումը կարող է էապես բարելավել թե՛ անհատական մոտեցումն ուսումնառության մեջ, թե՛ կրթության կառավարման և պլանավորման գործընթացները։ Հատկապես կարևոր է արդյունքների քննարկումը աշակերտների հետ, քանի որ այս պրակտիկան խթանում է պատասխանատվության զգացումը, ձևավորում է ինքնավերլուծության մշակույթ և օգնում է սահմանել առաջընթաց ապահովող կոնկրետ քայլեր։ Միևնույն ժամանակ, երբ կրթության կազմակերպիչները սահմանում են հստակ նպատակներ և տվյալների հիման վրա գնահատում առաջընթացը, հնարավոր է օբյեկտիվորեն գնահատել արդյունքները, բացահայտել բարելավման կարիք ունեցող ոլորտները և ապահովել հաշվետվողականություն։ Այս մոտեցումը ձևավորում է շարունակական զարգացման մշակույթը և նպաստում ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործմանը։

Ինչպե՞ս խուսափել տվյալների սխալ մեկնաբանությունից

Տվյալների վերլուծության արդյունավետության հիմքում առաջին հերթին դրանց որակն է։ Կրթական որոշումների կայացման համար առանցքային է նախապես պլանավորված, ստանդարտացված և վստահելի տվյալների հավաքագրումը, որը մեծ ռեսուրս պահանջող գործընթաց է։ Սա հնարավորություն է տալիս համեմատել տարբեր ուսումնական տարիների, դպրոցների կամ համայնքների արդյունքները, բացահայտել պատճառահետևանքային կապեր և անել փաստարկված եզրակացություններ։ Միաժամանակ կարևոր է ապահովել տվյալների թափանցիկությունը, հասանելիությունը և հաշվետվողականությունը՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (2015)։

Տվյալների օգտագործման աճի հետ մեկտեղ կրթական համակարգի առջև ծառանում է նաև սովորողների անձնական տվյալների պաշտպանության կարևոր հարցը։ Հաճախ պահանջվում է նրբանկատություն և հմտություն՝ համատեղելու տվյալների թափանցիկությունն ու անձնական գաղտնիությունը։ Այս համատեքստում կարևոր է ապահովել տվյալների անվտանգ պահպանումը, սահմանափակել հասանելիությունը զգայուն տվյալներին և կիրառել էթիկայի վրա հիմնված մոտեցում՝ ձևավորելով տվյալների պատասխանատու օգտագործման մշակույթ (OECD, 2019)։ Այստեղ անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել՝ մի կողմից օգտագործելով տվյալները կրթության որակի բարելավման նպատակով, մյուս կողմից՝ պաշտպանելով սովորողների գաղտնիությունն ու արժանապատվությունը։

Տվյալների աղբյուրների բազմազանությունը պահանջում է զգոնություն, քանի որ սխալ մեկնաբանված կամ հատվածական վերլուծված տվյալները կարող են հանգեցնել որոշումների, որոնք բացասաբար կազդեն ուսումնառության վրա։ Հաճախ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը դիտարկվում է առանձին՝ առանց համադրման, ինչի արդյունքում ձևավորվում է մասնակի պատկեր, որը թերի է արտացոլում իրականությունը։ Բացի այդ, տվյալները միշտ չէ, որ կարող են արտացոլել սովորողների հուզական, սոցիալական ներգրավվածությունն ու ստեղծագործականությունը, որոնք կրթական փորձառության կարևոր տարրեր են։ Օրինաչափությունների բացահայտման և ուսումնառության արդյունավետության վերաբերյալ ամբողջական պատկերացում ստեղծելու համար անհրաժեշտ է տվյալների համադրված և բազմակողմանի վերլուծություն (OECD, 2019)։ Միայն այս կերպ է հնարավոր ստանալ ամբողջական պատկեր և կայացնել բարելավմանը միտված որոշումներ։

Տվյալների հետ աշխատանքի կարողությունների պակասը ևս խնդիր է։ Մեծ թվով ուսուցիչներ և կրթության կազմակերպիչներ տվյալների հետ աշխատելու բավարար հմտություններ չունեն կամ չեն դիտարկում տվյալահեն մոտեցումը որպես իրենց առօրյա աշխատանքի կարևոր մաս։ Տվյալների հասանելիության և վերլուծական գործիքների կիրառման տեխնիկական խոչընդոտները նույնպես կարող են սահմանափակել տվյալների օգտագործման հնարավորությունները։

Ինչպե՞ս են տվյալները խթանում ներգրավվածություն և պատասխանատվություն

Տվյալահեն որոշումները կարող են դառնալ համագործակցության և վստահության հզոր գործիք՝ միավորելով կրթության կազմակերպիչներին, ուսուցիչներին, ծնողներին և աշակերտներին։ Երբ տվյալները հասանելի են և դրանց հիման վրա որոշումներ կայացնելը դառնում է համատեղ գործընթաց, խթանվում են թափանցիկությունը, շահակիցների ակտիվ ներգրավվածությունը և պատասխանատվության զգացումը։ Երբ ծնողներն ու աշակերտները մասնակցում են տվյալների օգտագործման վերաբերյալ որոշումների կայացմանը, կրթական հաստատություններում ձևավորվում է ներառական միջավայր, որտեղ յուրաքանչյուր շահակից իրեն գնահատված, տեղեկացված և լսված է զգում։ Համաձայն OECD-ի (2021) ուսումնասիրությունների՝ տվյալների հիման վրա կառուցված կրթական համակարգերը ավելի լավ են արձագանքում համայնքային կարիքներին, քանի որ ներգրավում են բազմազան կարծիքներ և խրախուսում պատասխանատվությունը բոլոր մակարդակներում։

Բացի այդ, տվյալների օգտագործումը ոչ միայն բարձրացնում է կառավարման հաշվետվողականությունը, այլ նաև ստեղծում է փոխադարձ պատասխանատվության մշակույթ ուսուցիչների և աշակերտների միջև։ UNESCO-ն (2020) նշում է, որ սովորողների հետ տվյալների համատեղ ուսումնասիրությունը նպաստում է նրանց ինքնագիտակցման բարձրացմանը՝ ցույց տալով, որ իրենք մասնակից են սեփական առաջընթացին։ Այս մոտեցումը խթանում է սովորողների ինքնակարգավորումը, նպաստում մոտիվացիային և ստեղծում է մասնակցային կրթական միջավայր։

Ի վերջո, տվյալների մտածված ու համակողմանի օգտագործումն էականորեն բարձրացնում է կրթության արդյունավետությունը՝ ապահովելով անհատականացված և համընդհանուր ուսումնառության միջավայր։

_Հաջորդ հոդվածում ավելի մանրամասն կանդրադառնանք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի փորձառությանը առաջնորդական և սոցիալ-հուզական կարողությունների գնահատման հարցում և կքննարկենք դրա կարևորությունը։_

ԷՊ

ԷՍՄԱՐԻԴԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Տվյալների և ներազդեցության ավագ մասնագետ

Teach For Armenia

Հղումներ՝ | References

  • Հայաստանի Հանրապետություն. (2015). _«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք._
  • Datnow, A., and Park, V. (2018). Professional Collaboration with Purpose: Teacher Learning Towards Equitable and Excellent Schools.
  • Mandinach, E. B., & Schildkamp, K. (2021). Data-Informed Decision Making in Education: The Next Steps in Supporting Educators to Use Data.
📰
Teach For Armenia
22 ապրիլի, 2024 թ.
3 րո­պե ըն­թեր­ցա­նութ­յուն

«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԵՎ «ԶԱՆԳԱԿ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՋԱՆՔԵՐԸ

#### «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԵՎ «ԶԱՆԳԱԿ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՋԱՆՔԵՐԸ՝ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԸ