ԳՅՈՒՂԻՑ ԳՅՈՒՂ - ՄԱՍ 4
**ՏԱԹԵՎ** Տաթև գնալու արդեն երկրորդ փորձն է։ Ցավոք սրտի, առաջինը հաջողությամբ չավարտվեց, քանի որ դեռ ընթացքից իմացանք, որ ճանապարհն անանցանելի է։
**ՏԱԹԵՎ** Տաթև գնալու արդեն երկրորդ փորձն է։ Ցավոք սրտի, առաջինը հաջողությամբ չավարտվեց, քանի որ դեռ ընթացքից իմացանք, որ ճանապարհն անանցանելի է։
ՏԱԹԵՎ
Տաթև գնալու արդեն երկրորդ փորձն է։ Ցավոք սրտի, առաջինը հաջողությամբ չավարտվեց, քանի որ դեռ ընթացքից իմացանք, որ ճանապարհն անանցանելի է։ Պատճառը՝ տեղանքին ու տվյալ ճանապարհատվածին շատ բնորոշ մառախուղը, «ֆուռ»-ն ու մերկասառույցն է։ Փակվել էր դեպի Տաթև ու Տաթևից Կապան տանող ամբողջ ճանապարհը։
Եղանակի տեսությունն այս անգամ արևոտ օր էր կանխատեսել։ Որոշեցինք ևս մեկ անգամ փորձել։ Արդեն ճանապարհին ենք։ Վահեի հետ երկար ճանապարհները նորություն չեն. Լինի ամառ, թե ձմեռ, միասին Արցախում ենք աշխատել։ Վերջին համատեղ երկար ճանապարհորդությունը հենց Արցախում է եղել՝ Սարսանգի ջրամբար-Գանձասար-Երևան։ 2020 թվականի երջանիկ օգոստոսն էր։
Հիմա միասին ճանապարհ ենք ընկել Սյունիք, ես՝ համայնքային այցի, ինքը՝ ուսումնասիրության։ Բավականին հաճախ էինք Տաթևի վանք գնում կամ անցնում հարակից ճանապարհով, բայց դեպի Տաթև գյուղ առաջին այցն էր։ Մտածում եմ՝ ինչ լավ կլիներ, եթե գյուղերի կողքով անցնելիս հաճախ այցի գնայինք, ուղղակի բարևեինք, բնակիչների հետ զրուցեինք դեսից դենից, ծանոթանայինք գյուղի կյանքին և մարդկանց։ Թե չէ ապրում ենք ժամանակներում, երբ մեր կողքի հարևանին անգամ չենք ճանաչում. մարդիկ` զուտ հայկական անուն-ազգանուններ են, գյուղերը՝ տեղանուններ։
Տաթև գյուղը ոտքով ընդամենը երեք րոպեի ճանապարհ է Տաթևի վանքից, գյուղի մուտքի մոտ շրջվում ես՝ դիմացդ Տաթևի պատկերն է, «ետնանկարում»՝ խենթանալու չափ սիրուն Սյունաց լեռնաշղթան։ Շատ արևոտ օր է՝ չնայած երբեմն մինչև ոսկորներդ հասնող սառը քամուն։
Օգոստոսի 10-ին ականատես եղա, թե ինչ է անում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Հայաստանի աշակերտների համար ՝ այցելելով Լոռու լեռներում գտնվող Շենավանի միջնակարգ դպրոցը:
Դպրոցի պատին Նժդեհի նկարն է, բակում՝ իր անվամբ հուշաքար։ Սյունիքում դժվար է Նժդեհին «չտեսնել»։ Դպրոցի շենքը մեծ է, նորոգ, կողքի մասնաշենքում նախակրթարանի շինարարական աշխատանքներ են՝ 12 երեխայի համար։ Ամբողջ ճանապարհին Վահեի հետ զրուցում էինք մեր հավաքական սխալներից…
Մի բաժակ տաք սուրճի շուրջ (պարտադիր պայման է) ուսուցչանոցի զրույցները սովորաբար գյուղի նախապատմությունից են գալիս մինչև մեր օրեր։ Այս անգամն էլ բացառություն չէր։ Ռազմագիտության ուսուցիչը գյուղի հնաբնակներից է, ծնվել մեծացել է գյուղում, սովորել այն դպրոցում, որտեղ հիմա դասավանդում է։
«-Դպրոցը 250-ից ավել աշակերտներ ուներ էն ժամանակ։ Հիմա՝ 50։ Գյուղը դատարկվում է, ու մեղադրելու էլ չի մարդկանց։ Գյուղում բան չկա, տեսնու՞մ ես այն էն շենքը, ժամանակին գործարան էր... Ես էստեղ եմ, մեկ ա, էս իմ գյուղն ա, ստեղից տեղ չեմ գնալու։»
Ինչքան շատ պատմություններ են սկսում գյուղերում այս նախաբանով, որ ինչ-որ ժամանակ, գյուղերը մեծ են եղել, դպրոցները՝ ևս։ Հետո գյուղերը փոքրացել են, մեծացել է միայն մայրաքաղաքը։ Նորից հիշեցի հավաքական սխալների մասին իմ ու Վահեի ճանապարհի զրույցը։
Էդ պահին ուսուցչանոցի դուռը բացվում է, և երիտասարդ մի ուսուցիչ մտնում է ներս։ Մաթեմատիկայի ուսուցիչ ընկեր Հարությունյանն է, երթևեկող ուսուցիչ է, ամեն օր գալիս է Վերիշենից։ Ծիծաղելով պատմում են, թե երթևեկող ուսուցիչներով ինչքան հաճախ են Տաթևի «պերեվալներին» մնում խցանված ու ամբողջ ճանապարհը ոտքով բարձրանում, կամ ամբողջ կազմով տեղավորվում իր ամենագնացի մեջ՝ նստարաններից մինչև թափք։ Ծիծաղում ենք։
Գյուղում երիտասարդների արտահոսքի խոսակցության ընթացքում, ուսուցչանոցի դուռը բացեց Նունեն, որ անցած տարի տեղափոխվել է գյուղ՝ որպես Դասավանդման առաջնորդ։
«- Նունեն շատ է աշխատում, երեխեքը շատ են սիրում, կապվել են հետը, բացվել են, հունի մեջ են ընկել առարկայի շրջանակներում, չգիտեմ, որ գնա, ինչ կլինի,»